Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում

Գնահատումը մանկավարժական գործընթացի յուրաքանչյուր շրջափուլի առանցքային բաղադրիչն է։ Գնահատման նպատակն է տեղեկություններ ստանալ սովորողի, նրա գիտելիքների, կարողությունների, անձնային որակների, արժեքային համակարգի մասին, վերլուծել տվյալները և դրա հիման վրա վերակազմակերպել ուսուցման գործընթացը՝ ուսման որակի վերահսկման ու բարելավման  նպատակով:

Գնահատման հիմքում պետական չափորոշիչների, ինչպես նաև մեր  հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են:

Արտաքին գնահատում

Արտաքին գնահատումն իրականացվում է մասնագիտական կրթության ավարտին՝ սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:

Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Ներքին գնահատում

Ներքին գնահատումն իրականացվում է սովորողների՝ ըստ ուսումնական շրջանների, մոդուլների կամ առանձին վերջնարդյունքների ավարտին, կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատմամբ։  Յուրաքանչյուր մոդուլի առանձին վերջնարդյունքների, ինչպես նաև ամփոփիչ գնահատման կարգը, ձևը (միավորային կամ ստուգարքային), գործիքները սահմանվում է մոդուլի թեմատիկ պլանավորման մեջ։

Ուսումնական հաշվետվություն

Ուսանողները մասնակցում են նաև կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվող ստուգատեսներին՝ ներկայացնելով տարբեր ուսումնական բնագավառներից իրենց ուսումնական հմտությունները, գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունը։

Գնահատման համակարգը

Դասավանդողը, քոլեջի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն:

Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։

Կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և ստուգարքային (հանձնած-չհանձնած) համակարգեր:

Մատյանում գրանցում անում են դասավանդողները: Ընթացիկ գնահատմանը պարբերաբար հետևում է Քոլեջի ղեկավարը:

Ընթացիկ գնահատման մատյանը մատչելի է  կրթահամալիրի տնօրենի գրասենյակին:

Գնահատման հիմքը (ապացույց-վկայություններ/body of evidence)

Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները, այդ թվում`

  • դասընթացների մոդուլներով որոշված աշխատանք.
  • հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք,
  • ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր,
  • առաջադրանքների կատարում,
  • ուսումնական նախագծերի, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր։

Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Սովորողի գործունեությունն ամփոփվում է  ուսումնական յուրաքանչյուր շրջանի և ուսումնական տարվա վերջում: Հաշվի են առնվում սովորողի գործունեության բոլոր տեսակները:

Ուսումնառություն

Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, արդյունքներ

  • հանրակրթական, ընդհանուր դասընթացներից
  • մասնագիտական դասընթացներից կամ գործունեությունից
  • լրացուցիչ կրթության դասընթացից
  • ուսումնական նախաձեռնություն, արտադրողական աշխատանք

Պայմանագրային պարտավորություններ

  • բացակաների քանակը (հարգելի/անհարգելի)
  • ուշացումների քանակը
  • ուսումնական վճարի պարտք
  • ներքին կարգապահական կանոնների խախտումներ
  • նկատողություն
  • խրախուսանք, մրցանակներ

Ուսումնական գործունեության արդյունքներ (գրանցվում են տարվա ընթացքում)

  • անհատական ուսումնական բլոգի վարում
  • մասնակցություն ուսումնական նախագծերին. արդյունքներ
  • մասնակցություն ուսումնական փորձառությանը. արդյունքներ
  • մասնակցություն առարկայական ֆլեշմոբերին
  • մասնակցություն ընդհանուր պարապմունքներին և ուրբաթ-համերգներին
  • մասնակցություն ուսումնական ճամփորդություններին
  • տարբեր մասնագետների, մշակութային, հանրային գործիչների հետ հանդիպումներ, որոնք համարվում են ուսումնական պարապմունք
  • մասնակցություն կլոր սեղանների, քննարկումների
  • մասնակցություն ճամբարներին
  • մասնագիտական կրթության շրջանակում ծառայության մատուցում
  • մասնակցություն շրջակա միջավայրի բարելավմանը
  • հանրօգուտ այլ աշխատանք
  • ընդհանուր պարապմունքների վարում
  • մասնակցություն մեդիաուրբաթի կազմակերպմանը
  • հրապարակումներ քոլեջի կայքում
  • մասնակցություն քոլեջի ամսագրերի կամ ռադիոամսագրի ստեղծագործական խմբի աշխատանքներին
  • մասնակցություն ստուգատեսներին
  • մասնակցություն համերգների, ստեղծագործական հավաքների, ցուցահանդեսների, ցուցադրությունների, մարզական մրցույթների