Ձնեմարդու ավետարան

 

Ձմեռը մտնում է քաղաք

մարդկային սրտերի միջով,

մարդկային սրտերի միջից

ձմեռը մտնում է քաղաք,

և որքան սրտերը՝ արջնած,

այնքան ցրտերը՝ դաժան,

այնքան բառերն՝ անպարզ,

այնքան արեգակը՝ թեք,

և հոգիները՝ միայնակ,

ու առավել քան իրական,

և ավագ հանգրվանն՝ հեռու,

և մէղքը՝ հսկա լեռնապար,

և վշտի դաշտերը՝ բերրի,

և կրքի վաշտերն՝ անհագուրդ,

և ամեն անակնկալ վարդ-

ասես գերեզմանոցում աճի…

և երգի ձայներ չկան,

բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝

հատելով դատարկ վտղոցները,

մարդկային սրտերը, գործերը,

քաղաքը — ինչպես քամին,

որից, այդ քամուց, սարսռում են

բառերը, մեղքերը, վարդերը՝

հար անակնկալ հայտնված…

մարգարե-գուշակի նման՝

ակնկալելի հայտնությամբ

կամ որպես հերթական նշան,

ձմեռը մտնում է քաղաք։

Ավագ Եփրեմյան

 

ՁՆԱՄԱՐԴՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ

Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։

Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի։

Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար։

Արվարձանների վրա երեւի
ավելի հավասար,
քան հրապարակների,
որտեղ թաքցնելու շատ բան կա։

Լեռների վրա երեւի
ավելի հավասար,
քան դաշտավայրի գյուղերի,
որտեղ հավասարությունն ու ձանձրույթը
երկվորյակ են։

Ծառերի վրա երեւի
ավելի հավասար,
քան շների վրա փողոցային,
որոնք թաքցնելու չունեն ոչինչ,
սեփական կենսագրությունից բացի։

Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։

Ափերի մեջ հավատացյալի
եւ գլուխներին սնահավատ,
որոնք չեն տարբերում,
ճերմակի թարսն ու շիտակը,
ամայության լայնքն ու երկայնքը,
մենության խորքն ու դատարկը անդունդի։
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։

Գրիչ չկա, ափսո՛ս,
գրիչ, որ գրոտես
ողորկ այս տեսադաշտը
ձնամարդու մասին
վկայություններով։

Որ գրես պատվիրաններ,
որոնք վաղվա երթեւեկից
սայթաքուն են դառնալու։

Որ գրես երանիներ,
որոնք գիշերվա ցրտից
դառնալու են սառցալուլաներ։

Որ գրես առակներ,
որոնք հալչելու են
գոլ քամիներից գարնանամուտի։

Որ գրես ամենայն հրաշալին
եւ զարհուրելին ամենայն,
որոնք քչքչալու են զվարթ առուների հետ։

Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։

Տիգրան Պասկևիչյան

 

ԿԱՂԱՆԴՉԷՔ

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած

Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս
Նուէրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն իշխանականը զատած
Եթե գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքրըս սրտիս նման քո անունիդ երկարած

Հարիւր կաղանդ ալ կը մնամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ — սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն եւ ամէնէն երազային հարիւրերորդ Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանաք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին

Հարիւր կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտէս թէ կը սպասեմ սիրելիս –

 Զահրատ

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*