Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

«Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության դիպլոմային նախագծեր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019 ուսումնական տարի

Ուսանող՝ Սուսաննա Կիրակոսյան
Ղեկավար՝ Անահիտ Մելքոնյան
Գրախոս՝  Յուրա Գանջալյան

Ուսանող՝ Պայծառ Հարությունյան
Ղեկավար՝ Գայանե Թերզյան
Գրախոս՝ Յուրա Գանջալյան

Ուսանող՝ Սեդա Սեդրակյան
Ղեկավար՝ Գայանե Թերզյան
Գրախոս՝ Յուրա Գանջալյան

Ուսանողներ՝ Տաթև Աբրահամյան, Տաթև Ալեքսանյան
Ղեկավար՝ Գայանե Թերզյան
Գրախոս՝ Յուրա Գանջալյան

_______________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Յուրա Գալջալյան

Աշխատանքի թեման՝ «Գործարար էթիկա (տարբեր երկրներում գործարար էթիկայի տարբերությունները)»

Ուսանող՝ Սուսաննա Կիրակոսյան

Ղեկավար՝ Անահիտ Մելքոնյան

Դիպլոմային աշխատանքի թեման հետաքրքիր է և մեծապես առընչվում է գործավարի մասնագիտությանը: Գործարար էթիկայի արարողակարգերի խախտումը, դրանց չիմացությունը կարող է լուրջ բացասական ազդեցություններ ունենալ գործարար հարաբերություններում:

Դիպլոմային աշխատանքը ունի և′ որոշակի գիտական ուղղվածություն, և′  գործնական հիմնավորվածություն:

Բավականաչափ լավ է ներկայացված ներածությունը, որտեղ ընդհանուր առմամբ տրված է էթիկայի իմաստային բնորոշումը և դիպլոմային աշխատանքի թեմայի կարևորությունն ու արդիականությունը:

Խմբագրման կարիք ունի առաջին գլխում ներկայացված «էթիկա» բառի ստուգաբանությունը երկու տարբեր մեկնություններով:

Լավ են ներկայացված էթիկայի տարբեր ձևերը աշխատանքի առաջին գլխում, բայց դիպլոմային աշխատանքը մեծապես կշահեր, ավելի մատչելի և ուսանելի կլիներ, եթե այդ գիտական բնորոշումները լրացվեին հասկանալի և պարզ օրինակներով:

Դիպլոմային աշխատանքի երկրորդ՝ հիմնական մասը, վերաբերում է տարբեր երկրներում գործարար էթիկայի տարբեր դրսևորումներին՝ տարբեր իրավիճակներում: Հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացված:

Բավականին մանրամասն է ներկայացված գործարար էթիկայի կանոնների իմացության կարևորությունը դիպլոմային աշխատանքի եզրակացության մեջ:

Հաջողություն եմ մաղթում Սուսաննա Կիրակոսյանին գործավարի իր ապագա աշխատանքում:

_______________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Յուրա Գանջալյան

Ուսանող՝Պայծառ Հարությունյան

Ղեկավար՝Գայանե Թերզյան

Աշխատանքի թեման՝ «Գործարար հաղորդակցություն. Թարգմանիչը որպես միջմշակութային հաղորդակցության միջնորդ»

Դիպլոմային աշխատանքը տրամաբանական կուռ կառուցվածք ունի: Թեմայի արդիականության հիմնավորումը, աշխատանքի նպատակը և խնդիրները մատնանշված են ներածության մեջ: Առաջին գլխում հանգամանալից կերպով ներկայացված են հաղորդակցության դասակարգումները: Երկրորդ գլխում ներկայացված են միջմշակութային հաղորդակցման հասկացությունը և այն դժվարությունները, որոնք պետք է հաղթահարի թարգմանիչը: Դիպլոմային աշխատանքում պատկերավոր համեմատություն է արված այսբերգի և միջմշակութային հաղորդակցության միջև: Այսբերգի վերջրյա տեսանելի մասը տարբեր ազգերի արվեստն է, գեղարվեստը, թատրոնը, երաժշտությունը, իսկ անտեսանելի մասը՝ ազգային ավանդույթները, սովորությունները, ժեստերի լեզուն, վարքագծային տաբուները, կարծրատիպերը և այլն:

Երրորդ գլխում մանրամասն ներկայացվում է թարգմանությունը որպես խոսքային գործունեության տեսակ: Երբ առաջին անգամ հրապարակվեց «Լեզուների իմացության համաեվրոպական համակարգը՝ CEFR», լեզուների իմացության ինքնագնահատման հայտնի աղյուսակից բացակայում էր թարգմանական կարողությունը: Հատկանաշական է, որ 2017 թվականի հրատարակության մեջավելացվել է այդ նորությունը, ինչը երևում է նաև Պայծառ Հարությունյանի դիպլոմային աշխատանքում: Ավելացվելեն «գրավոր փոխգործունեություն», «բանավոր թարգմանություն» և «գրավոր թարգմանություն» կարողությունները: Թարգմանության տեսակների, եղանակների և հնարների մի ամբողջ փաթեթ է ներկայացված աշխատանքում:

Ամբողջ դիպլոմային աշխատանքը գրված է ճիշտ լեզվական կառույցներով, մաքուր ու գրագետ հայերենով:

Հաջողություն եմ մաղթում Պայծառ Հարությունյանին գործավար-թարգանչի իր ապագա աշխատանքում:

_______________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Յուրա Գանջալյան

Ուսանող՝ Սեդա Սեդրակյան

 Ղեկավար՝Գայանե Թերզյան

Աշխատանքի թեման՝ «Փաստաթղթաշրջանառություն և գործնական նամակագրություն»

Փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթավարությունը, գործնական նամակագրության իրականացումը գործավարի հիմնական գործառույթների մեջ են մտնում: Սեդա Սեդրակյանը իր դիպլոմային աշխատանքի ներածության մեջ նշում է, որ իր աշխատանքի նպատակն է եղել բացահայտել այդ գործառույթների հիմնական առանձնահատկությունները և սկզբունքները:

Դիպլոմային աշխատանքի առաջին գլխում մանրամասն շարադրվել է, թե ինչպես պետք է աշխատել ստացված փաստաթղթերի հետ՝ գրանցումից մինչև կատարողներին հանձնելը և կատարման վերահսկումը: Ելքային փաստաթղթերի հետ աշխատանքը նույնպես նկարագրված է:

Երկրորդ գլխում նշված են կազմակերպաիրավական փաստաթղթերի տեսակները և դրանց հետ աշխատելու ձևերը: Երկրորդ գլխի մի առանձին ենթավերնագրով ներկայացված են գործնական նամակների տեսակները և դրանց հետ աշխատելու առանձնահատկությունները: Ապագա գործավարի համար կարևոր աշխատանքային կարողություններ են նամակ-խնդրանքի, նամակ-հարցումի, նամակ-հրավերի, նամակ-մերժումի, նամակ-ծանուցման և նմանատիպ այլ նամակների ճիշտ կազմումը, ինչը խնամքով շարադրված է Սեդա Սեդրակյանի դիպլոմային աշխատանքում:

Պետք է նշեմ, որ ամբողջ աշխատանքը վերաբերում է գործնական նամակագրության թղթային տարբերակին, որը նախկինում համատարած կարևորություն ուներ բոլոր կազմակերպությունների՝ մեծ ու փոքր, գերատեսչությունների գրասենյակներում,  մինչդեռ հիմա լայնորեն տարածված է էլեկտրոնային նամակագրությունը, որն ունի իր առանձնահատկությունները: (Թղթային տարբերակի գործառույթները պահպանվել են միայն որոշ հատուկ կարևորություն ունեցող գերատեսչություններում): Փաստաթղթերի գրանցման ու պահպանման շատ գործառույթներ, որոնք նախկինում ձեռքով էին արվում ու պահվում ստվարաթղթե թղթապանակում, այժմ այդ ամենը համակարգիչն է անում: Օրինակ, գործավարը պետք է իմանա, թե ինչպես կարող է կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ձևաթղթերով նամակներ ուղարկել, ինչպես վերահասցեագրել էլեկտրոնային նամակը կատարողին և այլն:

Այնուամենայնիվ, խնամքով շարադրված դիպլոմային աշխատանք է, որը մատչելի ձևով ներկայացնում է գործարար նամակագրության հիմնական առանձնահատկությունները:

Դիպլոմային աշխատանքը շահել է իր հավելվածով-ուղեցույցով, որտեղ տրված են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գործարար նամակների նմուշներ:

Հաջողություն եմ մաղթում Սեդա Սեդրակյանին գործավարի իր ապագա աշխատանքում:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*