Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

Դիպլոմային նախագիծ՝ Բակ-պարտեզը երեխայի զարգացման ոլորտները խթանող բաց-ծիսական միջավայր

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ
     ՔՈԼԵՋ
       2019թ.

 Դիպլոմային նախագծի թեման` Բակ-պարտեզը երեխայի զարգացման ոլորտները խթանող բաց-ծիսական միջավայր
Ուսանող՝ Դիանա Բաղդասարյան
Ղեկավար՝ Թամարա Մարիմյան

Բովանդակություն

  • Ներածություն
  • Միջավայր
  • Պարտեզի խնամք, ջերմոց-լաբորատորիա
  • Բակային խաղեր
  • Ամառային լողափ
  • Եզրակածություն

Ներածություն՝

Բակ –պարտեզը զարգացնող միջավայր է: Բակում է կազմակերպվում էկոլոգիային համակցված պարապմունքներ, խաղեր, աշխատանքներ: Զարգացնող միջավայրը բաղկացած է բազմաբովանդակ աշխատանքային կենտրոններից, խաղային գոտիներից,  որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր որոշակի դերը:

Բակ –պարտեզում, որպես ուսումնադաստիարակչական միջավայր, անհրաժեշտ է  երեխայի համար ստեղծել բնության  բազմատեսակ պայմաններ, որոնք հնարավորություն կտան երեխայի մոտ ձևավորել կողմնորոշում ոչ միայն բնության,  այլև ողջ աշխարհի հանդեպ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները, միջավայրը հնարավորություն են տալիս 2-5 տարեկաններին, 5-6 տարեկաններին ապրել իրենց համապատասխան և զարգացնող միջավայրում: Իսկապես, բակը` պարտեզում: Կրթահամալիրի քոլեջում ուսումնառության երեք տարիների ընթացքում ինքս եղել եմ մեր անընդհատ զարգացող միջավայրում: Միջավայր, որի խնամքի պատասխանատուներն են նաև նախակրթարանի սաները: Մասնագիտական փորձառությունս անցել  է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի նախակրթարանի 2-5 տարեկանների խմբերում: Թեմայի ընտրությունը ինձ սիրելի գործունեության տեսակներից է, և ինձ համար կարծես այլ ընտրություն չկար: Նախակրթարանում ստեղծված նման միջավայրը պետք է անընդհատ սովորողների, սաների, ծնողների, դասավանդողների հոգածության տակ լինի: Պետք է յուրաքանչյուրս զգանք մեր միջավայրի հանդեպ պատասխանատվություն: Նախակրթարանի բակ-պարտեզում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի ՝

  • երեխաների անվտանգ գործունեությանը
  • երեխաների բնագիտական գործունեության, փորձերի կարողությունների զարգացմանը
  • երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը
  • երեխաների մարդկային որակների, արժեքների ձևավորմանը: Կենդանիների խնամքի և ամենօրյա շփման պայմանների ստեղծմանը
  • շրջակա միջավայրի պահպանությանը, պատասխանատվության դաստիարակմանը:

Միջավայրը պետք է լինի՝

կանաչապատ, անվտանգ, խնամված բակ-պարտեզ` լողավազան, ճոճքեր, հեծանիվներ, ինքնաշեն խաղալիքներ, ցեխով, կավով խաղալու, ծեփելու տարածք, մանր ավազով լցված ավազան, նստարաններ: Ամառային պարտեզի գործունեության ժամանակ երեխայի օրվա գործունեության  մեծ մասն անցնում է բակում:

Ամռան ամիսներին առանց մանկական լողավազանի չի կարող բակը լիարժեք զարգացնող միջավայր համարվել: Երևանի շոգ ու տոթ պայմաններում առանց լողավազանի անհնար է երեխայի առողջության պահպանման, մարմինը կոփելու, ֆիզիկական բնականոն զարգացման մասին խոսելը: Լողալ սովորելով` նա ազատվում է մի շարք վախերից , ավելի ազատ ու ինքնավստահ է դառնում, ավելի ճկուն մտքով ու մարմնով զարգանում է շարժումների կորդինացիան:

Պարտեզի խնամք, ջերմոց-լաբորատորիա

Կրթահամալիրի լավագույն արժեքներից մեկն էլ, որ փոխանցվում է երեխային, այն է, որ պետք է սեփական ձեռքերով երեխան, դաստիարակը խնամի, բարեկարգի իր միջավայրը: Խնամի, մաքրի, տնկի, ջրի իր պարտեզը, բակը: Նախակրթարանի սաների հետ յուրաքանչյուր օր հավաքում ենք բակում եղած, քամու բերած ավելորդ իրերը: Երեխաներն արդեն գիտեն, որ պիտի անպայման հագնեն մեկանգամյա ձեռնոցները, վերցնեն տոպրակները և սկսեն աշխատել: Հետաքրքիր մրցակցություն է լինում, սկսվում է մի լավ խաղ, թե ով ավել շուտ կլցնի իր տոպրակը: Քոլեջի նախակրթարանում գարնանը կարևոր նախագիծ սկսվեց՝ լոբու, գազարի, դդմի, կանաչեղենի ցանք: Ստեղծեցինք փոքրիկ զիպ-ջերմոցներ: Խմբում յուրաքանչյուր սան ուներ իր ջերմոցը: Երեխաները խնամում էին, ջրում, հետևում իրենց տնկած սածիլների աճին: Խումբը վերածվեց ջերմոցի: Նրանք մի քանի շաբաթ շարունակ դիտարկում էին ջերմոցում աճող սածիլները, ոգևորվում սածիլների աճով, նույնիսկ մրցում՝ թե ում սածիլն է ավելի արագ աճում:

Երբ սածիլները աճեցին, մենք դրանք տեղափոխեցինք մեր բակի ծաղկանոց:

Սածիլները տեղափոխելիս երեխաները ուսումնասիրեցին արմատները և եկան այն եզրակացության, որ բոլոր սածիլների արմատներն իրար նման են, չնայած` նրանց տերևները տարբեր են: Սածիլները ցանեցինք ծաղկանոցի համար նախատեսված տարածքում: Պետք էր միայն տեսնել այն հոգատարությունը, քնքշանքը  որով երեխաները տնկում էին սածիլները: Նրանք չափազանց զգույշ էին աշխատում, որ հանկարծ չկոտրեն բույսերը:

Հողի հետ աշխատելը երեխայի մեջ սերմանում է հոգատարություն, համբերատարություն, էներգիայի աղբյուր է տալիս երեխաներին: Երեխան ջրելով բույսըՙՙ` հաղորդակցվում է նրա հետ, խնամում, մշակում`իր մեջ արթնացնելով հոգատար վերաբերմունք դեպի շրջակա բնությունը:

Կրթահամալիրի քոլեջն ունի իր Ջերմոց-լաբորատորիան, որտեղ նաև 2-5 տարեկանների հետ կարողանում ենք ամենօրյա բույսերի խնամքի աշխատանքներ իրականացնել: Ջերմոց-լաբորատորիայում նաև կան տնային փոքրիկ կենդանիներ, որոնց խնամքով զբաղվում  են նաև նախակրթարանի սաները: Մի լավ սովորույթ են ձեռք բերել երեխաները, որ իրենց կերած խնձորից, կաղամբից, գազարից բաժին են հանում ծովախոզուկներին: Նման միջավայրը նպաստում է նաև, որ պարտեզ հաճախող նոր երեխան կարողանա հեշտ ընտելանալ միջավայրին:

Բակային խաղեր՝

Նախակրթարանում գործունեության հիմքում խաղն է: Բակային խաղերը զարգացնում են երեխաների արագաշարժությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և նպաստում նրանց ֆիզիկական զարգացմանը:

Ժողովրդական խաղիկները և բակային որոշ խաղեր ուղեկցվում են խոսքերով, ասիկներով, որոնք նպաստում են երեխայի խոսքի զարգացմանը: Խաղերն իրենց բովանդակությամբ և ձևով մատչելի են բոլոր տարիքի երեխաների համար: Շարժախաղերում և բակային խաղերի ընթացքում երեխաները գործում են միասին և կազմակերպված: Այդ ամենը ձևավորում է երեխայի վարքը` կարգապահություն, ինքնատիրապետում: Խաղերում նա պետք է զսպի իրեն, օգնի ընկերոջը, հաղթահարի որոշ դժվարություններ: Խաղը, հատկապես շարժախաղը, որը իրենից ներկայացնում է ակտիվություն, մեծ նշանակություն ունի երեխայի կյանքում: Շարժախաղերը, համապատասխանաբար ըստ տարիքի, կարևորվում են երեխայի օրվա ռեժիմի մեջ: Խաղն ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները:

Մեր մանկապարտեզում մեծ տեղ ենք տալիս մոռացված խաղերին, որոնք երեխաները մեծ հաճույքով են խաղում` «Յոթ-նանի», «Քարկտիկ»:

Առավոտը նախակրթարանում սկսվում է ուրախ մարմնամարզությամբ: Բակ-պարտեզը երեխայի զարգացման լավագույն միջավայրն է, եթե այն ճիշտ է կազմակերպվում, նա ազատ է, անկաշկանդ, ուրախ է, ազատ, բազմագույն աշխարհ է, որտեղ երեխան իրեն հրաշալի է զգում:

Ամառային լողափ

Ուրախ մանկական ճիչերով, ուրախությամբ լցված միջավայր, որտեղ երեխաները  լողում են, խաղում, նկարում, ծեփում, պատրաստում. իրական զարգացնող ուսումնական միջավայր:
Լողափում անհրաժեշտ է ունենալ՝

  • լողազգեստ
  • լողակոշիկներ
  • ցրբիչ
  • գլխարկ

Երեխաների  լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար  անհրաժեշտ ՝

  • Համապատասխան եղան-աթոռներ
  • Ճոճքեր
  • Լողավազան
  • Մանր խճաքարեր, որոնք շատ օգտակար են, երբ երեխաները բոբկ են քայլում

 Ջրային խաղեր, խաղերի նկարագրություն՝

Ջրի գույնը

Ջրային լաբորատորիա կամ լողափ-լաբորատորիա: Երեխայի հետ խաղալիս հուշեք նրան, որ արևի տակ ջրի մեջ գույներ կան: Նա երկար կփնտրի այդ «արևաջուր» գույները, կգտնի: Ա~յ հայտնագործություն, ա~յ հրաշք:  

Նախ ունենք լիքը թափանցիկ ամաններ՝ տարբեր չափսերի: Լիքը ներկեր:  Պարզապես խաղում ենք, շատ ենք խաղում, հաճախ ենք խաղում: Միասին տարբեր գույնի ջրեր ենք ստանում, խառնում ենք: Տարբեր թափանցիկ ամանների մեջ տարբեր գույնի ներկեր ենք լցնում: Սկզբում՝ քիչ, հետո ավելացնում ենք: Դա  փոքրիկ հրաշք է փոքրիկի համար:    Այ, որ բույսերը թողեք ջրի մեջ, և ջուրը գույնը փոխի, դա էլ ուրիշ հրաշք կլինի:

Տարբեր գույնի ամանների մեջ ջուր լցրեք, դիտեք, խոսեք, նկարագրեք: Ինչ կասեն, կասեն, իրենք են, իրենց տեսածն ու մտածածը:

 Քա՞ղցր,  թե՞ թթու ջուր

Գուցե՝ դա՞ռը: Մենք չե՞նք ջրի համը որոշողը: Ջուրն ինքն իր համն ունի՞: Պարզեք միասին: Հետո շաքարավազ լցրեք ու հետևեք, թե շաքարավազն ինչպես է շարժվում ջրում, հետո ինչ է լինում: Խմեք ստացված ջուրը: Ավելացրեք շաքարավազը, կրկին խմեք: Պատմեք՝ ինչպես փոխվեց ջրի համը« Այնքան ավելացրեք, որ ջուրը հագենա և շաքարավազն էլ չհալվի: Ընթացքում պատմեք, նկարագրեք խաղն, ինչպես կարող եք:

Բա, ի՜նչ լավ պատմություն-հեքիաթ կստացվի վերջում:

Հիմա կիտրոնով փորձեք:

Մի՜ քիչ ջուր լցրեք բաժակի մեջ, մի երկու կաթիլ ալոեի (հալվե) հյութ կաթացրեք և խմեք:  Ինչ կուզեն, թող պատմեն, արտահայտվեք:

Բոլոր խաղերի ժամանակ լուսանկարեք սաների դեմքերի արտահայտությունները: Հետո թող դեմքերի նկարները դասավորեն ըստ արտահայտությունների՝ թթու դեմքեր, քաղցր, դառը դեմքեր… Ու էլի պատմություններ հորինեք: Խաղացեք, հորինեք:

Տեսեք՝ ոնց խառնվեցին բնագիտական փորձ-ուսումնասիրություններն ու ստեղծագործական երևակայությունը:

 Բնական երաժշտության բնական ունկնդրում

Ծափ խաղեր խաղացեք ջրի մեջ, լսեք ջրային ծափի՝ ջրի տակ տված ծափերի ձայնը, սկզբում ինքնաբուխ, հետո ռիթմով, երաժշտությանը համապատասխան: Ալիքներ արեք, ամանով ջուրը բարձրից լցրեք լողավազանի մեջ: Ձեռքերի ափով խփեք ջրի մակերեսին, մաքուր քար գցեք ջրի մեջ ու լսեք չլմփոցը… Էլ ի՛նչ, մտածեք :

Ուշադիր լսեք առաջացած ձայները:   Այսպիսի երաժշտություն հաստատ ոչ ոք չի լսել: Միասին զրուցեք այդ ձայների մասին: Պետք էլ չէ երկար խոսել: Ամեն մեկի 1-2 նախադասությունը հաստատ հետաքրքիր ու յուրօրինակ կլինի:

 Ծափեր ջրի մեջ և ջրի  վրա

Մի ամբողջ «Իմացումի հրճվանք»: Տեսեք` ինչ հրաշք ցայտեր, կաթիլներ, ջրաշիթեր…Ծափ տվեք ջրի տակ, հետո՝ ջրի երեսին: Ուշադիր հետևեք դուք էլ, երեխաներն էլ:   Հետևեք, խոսեք, համեմատեք:

Երաժշտություն միացրեք, ռիթմով ծափ տվեք ջրի երեսին, ու ջրային երաժշտություն կստանաք, լսած երգ-երաժշտությունը կհարստանա ջրաերգով Ա՛յ, որ կարողանաք ջրաերգին հասնել՝ բառով ու ձայնո՜վ… Ջրի մեջ շատախոսելը շատ լավ բան է, եթե շատախոսեք, գուցե հասնեք:

Հանկարծ չմտածեք, թե հենց այնպես գործ է: Տեսնելը, դիտելը, փորձելը, կռահելը, եզրահանգելը… այստեղից է սկսվում: Սկսվում է ու շարունակվում: Բաց մի՛ թողեք այս հատվածը, տեղը դատարկ կմնա, վրան պատ չի շարվի:

Ջրաթատրոն… մի լաաա՜վ թատրոն

Ծափ-թատրոն:  Հաաա՝, գիտե՞ք` ինչ ուրախ, զվարճալի, անսովոր ներկայացում է լինելու: Փորձեք երգը ջրում բեմադրել: Ջրային կարաոկե կլինի:

Բա ջրային պարը: Այդ ո՞ր պարը ջրում չի պարվի. մի քիչ շատ ճոճվող: Ու ի՞նչ կստացվի: Ջրապար: Ջրաբեմ, ջրապար, ջրերգ, ալիքահեքիաթ, ջրապայթյուն, ջրչլմփոց: Ինչքան ուզես, կարող ես շարունակել, երևակայությանդ ինչքան կհերիքի: Ջրին ինչ կա, ինքը հա կա:

Իսկ մկների ժողովն էլ  «Թրջված մկների ժողով»  կլինի, ծիտն էլ լողալ կսովորի,  ուլիկը ջրային անտառ կգնա, ճամփորդները նավով կճամփորդեն կամ կիջնեն ջրի հատակը, որ տեսնեն այնտեղ «ինչ կա՜, ինչ չկա՜» …

Ջրաթատրոնն ուրիշ բան է:

Ջրային խաղեր

Փուչիկներ, որ լողում են ջրի երեսին: Երեխաներ, որ լցվել են ջրի մեջ և վազվզում են լողացող փուչիկների ետևից՝ Փուչիկբռնոցի:

Փոքրիկ փուչիկներ և լողացող թասեր: Թող փուչիկները հավաքեն թասերի մեջ՝ թիմով կամ անհատապես:

Ջրի երեսին լողացող գնդակներ, որ ոչ մի կերպ չեն սուզվում: Է՛, թող փորձեն, մի քիչ չարչարվեն: Հո կտեսնեն, որ փուչիկն ու գնդակը չեն սուզվում, իսկ, ա՛յ, քարն էլ ջրի վրա չի մնում, հենց գցեցիր, կիջնի ներքև: Թող տեսնի ու պատմի, խոսի: Տեսնենք՝ ինչ դուրս կգա:

Թասիկներն էլ լցրեք լողավազանի մեջ, տեսնենք՝ ինչ կանեն լողացող թասիկներով: Գուցե նավակ էլ ստանան: Թասիկ-նավակ…հետաքրքիր է: Իսկ եթե գնդակը դնենք թասիկի մեջ…կլինի գնդակի նավակ:  Տեսնես՝ ինչ կլինի, եթե թասիկը բերանքսիվայր շուռ տանք…Փորձեք ձեր սաների հետ:

Եզրակացություն

Կատարած աշխատանքի ընթացքում եկա այն եզրահանգման, որ երեխայի զարգացմանը, ինչպես նաև նրա անձնավորության ձևավորման գործում շատ կարևոր է երեխայի մեջ զարգացնել հոգատարություն և խնամք իր միջավայրի հանդեպ: Պետք է նպաստել երեխայի ազատ-խաղային  գործունեությանը: Պետք չէ երեխայի ինքնուրույնության՝ նրա զարգացման և գործունեության ընտրության մեջ սահմանափակումներ դնել: Չի կարելի երեխայի փոխարեն որոշել, թե ինչով է ուզում նա զբաղվել:

 

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*