Ձմեռը մտնում է քաղաք

Ամանորյա ընթերցում
Լուսանկարը՝ K7

Ավագ Եփրեմյան

Ձմեռը մտնում է քաղաք

Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ –
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ–որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը – ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե–գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։

 

Տիգրան Պասկևիչյան

Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի:
Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար:
Արվարձանների վրա երեւի
ավելի հավասար,
քան հրապարակների,
որտեղ թաքցնելու շատ բան կա:
Լեռների վրա երեւի
ավելի հավասար,
քան դաշտավայրի գյուղերի,
որտեղ հավասարությունն ու ձանձրույթը
երկվորյակ են:
Ծառերի վրա երեւի
ավելի հավասար,
քան շների վրա փողոցային,
որոնք թաքցնելու չունեն ոչինչ,
սեփական կենսագրությունից բացի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Ափերի մեջ հավատացյալի
եւ գլուխներին սնահավատ,
որոնք չեն տարբերում,
ճերմակի թարսն ու շիտակը,
ամայության լայնքն ու երկայնքը,
մենության խորքն ու դատարկը անդունդի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Գրիչ չկա, ափսո՜ս,
գրիչ, որ գրոտես
ողորկ այս տեսադաշտը
ձնամարդու մասին
վկայություններով:
Որ գրես պատվիրաններ,
որոնք վաղվա երթեւեկից
սայթաքուն են դառնալու:
Որ գրես երանիներ,
որոնք գիշերվա ցրտից
դառնալու են սառցալուլաներ:
Որ գրես առակներ,
որոնք հալչելու են
գոլ քամիներից գարնանամուտի:
Որ գրես ամենայն հրաշալին
եւ զարհուրելին ամենայն,
որոնք քչքչալու են զվարթ առուների հետ:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:

Ժակ Բրելի վերջին երգը

Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյուն է գալու,
Փափուկ, ձանձրալի – շքեղ մի ձյուն,
Եւ բաց ափերով –
Քո տաք խցում –
Ոչ մի հարբեցող չի մնալու,
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյուն է գալու:
Նոր խարույկներ են վառվում այսօր
Քո մեծ Փարիզի փողոցներում,
Ուր մի անթափանց –
Տխուր սերունդ
Ոգեւորվում է ուրիշ լույսով…
Նոր խարույկներ են վառվում այսօր:
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյունը լսիր,
Արքայադստեր աչքերի մեջ
Մենք հեքիաթներ ենք
Անզոր ու խեղճ,
Մենք վերջին սեր ենք ու վերջին սիրտ,
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյունը լսիր: –
Արքայադուստր ու թագավոր
Խաղալիքներ են տոնածառի,
Ձյունը լալիս է նույն ծիծաղի
Նույն հնչյուններով
Խաբված ու որբ, –
Արքայադուստր ու թագավոր,
Արքայադուստր ու թագավոր…

 

Մարինե Պետրոսյան

ՄԻԱԿ

փողոցն էս
ծայրից ծայր դատարկ ա
ու ձյունը
իմ վրա ա գալիս
էնքան տաք
ահագին ու փափուկ
որ ոչինչ
ոչինչ որ անհնար
անհնար անիմաստ
փողոցն էս`
ծայրից ծայր իմը

ու միակը

 

ԱՆՁՅՈՒՆ ԿԻՐԱԿԻ

դեկտեմբեր դեկտեմբեր վառարան առավոտ
անձյուն մի քիչ մութ մի քիչ ցուրտ կիրակի

չափազանց չափազանց սիրելի մի բան
անաղմուկ բայց անդարձ քայլերով
հեռանում ա

ամեն ինչ ամեն ինչ որ կա
թողնելով իրանից հիշատակ

 

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*