Ի՞նչ է տոնը

Տոների ձևավորումը և զարգացումը՝ որպես օրինաչափություն, պայմանավորված է սոցիալական, տնտեսական, պատմական, քաղաքական, էթնոմշակութային և կրոնական գործընթացների փոխազդեցությամբ, ինչպես նաև անհատի պահանջների բավարարման, հասարակական հարաբերությունների կարգավորման գործառույթներով։ Արտացոլելով հասարակության մեջ իրականացվող այդ գործընթացները՝ տոները կատարում են էթնիկ ավանդույթների պահպանման և դրանք սերնդեսերունդ փոխանցելու կարևորագույն գործառույթներ։

Առնչվելով տվյալ էթնոսի ծագման և զարգացման որոշակի հիմնախնդիրներին, տոնն արտացոլում է ոչ միայն էթնոմշակութային ինքնատիպությունը, այլ էթնիկ շփումների հետևանքով առաջացած փոխազդեցությունները։

Տոնն իրենից ներկայացնում է յուրատեսակ միկրոհամալիր, ուր առկա են կենցաղի և մշակույթի գրեթե բոլոր բաղադրիչները՝ բնակավայր, բնակարան, ազգակցական, դրացիական, ընտանեկան հարաբերություններ, նախնիների հիշատակ, երաժշտական ստեղծագործություններ, խաղեր, ուտեստ և տնտեսական գործունեության ավանդական փուլեր՝ դրանց հաջողություններն ապահովող ծեսերով և սովորույթներով։ Տոների և ծեսերի հետ առնչվող առանձին հարցերի են անդրադառնում ազգագրությունը, բանագիտությունը, կրոնագիտությունը, մշակութաբանությունը, սոցիոլոգիան, տոմարագիտությունը, հոգեբանությունը, գեղագիտությունը և գիտության այլ բնագավառներ։

Հայոց ավանդական կենցաղում տարածված տոները գրականության մեջ և կենցաղային ընկալումներում շատ հաճախ ներկայացված են՝ ազգային, ավանդույթային, ժողովրդական, քրիստոնեական և այլ հոմանիշ անվանումներով։ Երբեմն դժվար է սահմանազատել կրոնականը ժողովրդականից կամ ազգայինից։

Ավանդույթային տոներում առկա հավատալիքների հիմնական շերտերն իրենց ծագմամբ առնչվում են երկու պատմական փուլերի հետ․ առաջին՝ մինչքրիստոնեական, երբ բնության ու հասարակության մեջ կատարվող երևույթները կապվում էին առանձին ոգիների ու աստվածների հետ, և երկրորդ՝ քրիստոնեական, երբ արդեն նոր՝ քրիստոնեական կրոնի տեսանկյունով էր բացատրում այդ երևույթները։

Հայոց ավանդական կենցաղում առավել տարածված տոներն էին Նոր տարին, Քրիստոսի ծնունդը, Սուրբ Սարգիսը, Տեառնընդառաջը, Բարեկենդանը, Մեծ պասը, Ծաղկազարդը, Զատիկը, Համբարձումը, Վարդավառը, Նավասարդը, Սուրբ Աստվածածնի վերափոխումը և Խաչվերացը։

Նյութի աղբյուրը՝ Սամվել Մկրտչյան <<Տոներ>>

Հունվար

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*