Մեր սրտի խոսքը

Մենք՝ Հասմիկ Պապիկյանը, Մարինե Գրիգորյանը, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի մանկավարժներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեր հանրույթին, բոլոր բոլորին, ովքեր մեզ հետ աշխատեցին այս օրերին, շփվեցին, ցուցաբերեցին անկեղծ ու բարի վերաբերմունք: Մենք այդ սերն ու գիտելիքները տանում ենք մեզ հետ Գյումրի, որպեսզի փոխանցենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ու կփորձենք օգնել նրանց:

2017 թ. դեկտեմբերի 11-15-ը կայացավ մեր վերապատրաստումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը կազմակերպել էր մեր մեծ ուսուցիչ, հարգված Մարդ՝ մեծատառով, ով օգնում է մեզ և տալիս է ճիշտ ու լուսավոր ճանապարհ: Եվ մարդիկ, ովքեր աշխատում են նրա հետ, նրա կողքին, չեն կարող չնմանվել պարոն Բլեյանին: Նա աստվածահաճո գործ է կատարում բոլորի համար: Քանի-քանի ընտանիքներ աշխատում են, գոյատևում, աշխատանքից երջանկություն, բերկրանք են քաղում ու չեն էլ մտածում վաղվա օրվա մասին, նրանք գիտեն և, այո՛, համոզված են, որ վաղը կլինի ավելի լուսավոր, ավելի ջերմ, քանի որ նրանց կողքին կանգնած է նա՝ Մեծն Բլեյանը: Դրանով ամեն ինչ ասված է: Զարմանալ կարելի է, թե ինչքան սեր, բարություն և հոգատարություն կա այդ մարդու մեջ, որ նա այդ ջերմությունը տալիս է բոլորին անշահախնդիր, և դրանից հետո չարը բարիանում է, հիվանդը լավանում է, իսկ վատատեսը սկսում է հավատալ, որ մի օր իրեն էլ կհասնի մի փոքրիկ լույս, չէ՞ որ բաժանողը անսահման բարի է: Միայն պետք է հավատալ նրան և կանգնել նրա կողքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Նախաամանորյա խոհեր
Next post Մեր համեղ կեքսերը