«Ուսումնական Արագածոտն» նախագիծը տարավ Աշտարակ

«Ուսումնական Արագածոտն» նախագծով այսօր Աշտարակ քաղաքում էինք: Առավոտյան տիար Բլեյանի ղեկավարությամբ  Մեդիակենտրոնից ուղևորվեցինք այս խմբով՝ միստր Յուրան, Լուսինե Փաշայանը, ուսանեղներս՝ Անին և Մերին: Ճանապարհը կարճ թվաց, այնքան արագ հասանք: Շատ ենք անցել այս ճանապարհով.  հին ու նոր կառույցներ, հետո՝ Արայի լեռը, Արագածը՝ պատված ամպերով, գագաթները մառախուղի մեջ:  Քաղաքի մարզպետարանում ենք:  Տիար  Բլեյանը խոսում էր, ներկայացնում նախագծի նպատակը: Հետո քայլեցինք  փողոցներով՝  Վարդգես Պետրոսյանի և Վահան Տերյանի: Հին տների կողքին նորերն էլ կային, ծառերը՝ լերկ, դեռ ձմեռում են: Զրուցեցինք բնակիչներից մի քանիսի հետ, եղանք մեկի բակում. ծառեր, ծաղիկներ, աշխատող ձեռք է կպել:

Հաջորդ հանդիպումը քաղաքապետարանում էր: Բակում Ներսես Աշտարակեցու արձանն է: Բարձրացանք նիստերի դահլիճ, որտեղ մեզ միացան քաղաքի մանկապարտեզների տնօրեններ: Տիար Բլեյանը նրանց հետ քննարկեց կրթահամալիրում վերապատրաստվողներին վերաբերող հարցեր, խոսեց կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական դաստիարակություն մասնագիտության 2018թ. շրջանավարտների դիպլոմային նախագծերը Աշտարակի մանկապարտեզներում իրականացնելու մասին, համատեղ նախագծերի մասին: Լսում էին ուշադիր, հարցեր էլ եղան, տիարը մանրամասն ու հստակ պատասխանում էր: Աշտարակի մանկապարտեզները չէին գործում, բացվելու են միայն մարտ 1-ից: Դա էլ մտահոգության առիթ էր. ի՜նչ պայմաններ են ստեղծված մեր կրթահամալիրում մեզ համար ու մեր փոքրերի համար:
Տեղում էլ որոշվեց առաջին պարապմունքը սկսել երկուշաբթի օրը, Աշտարակի մանկապարտեզներից մեկում:  Ուրեմն, դեռ հաճախ կլինենք այնտեղ, հետաքրքիր է, ոգևորիչ, պետք է  ունենաք մեր հստակ ծրագիրը. որը կլինի գրավիչ, արդյունավետ, վարակիչ: 7-րդ դարի կառույցի՝  Կարմրավոր եկեղեցու  կողքով չանցանք……մտանք:  Ժամանակն աննկատ անցավ, վերադարձանք:

Անի Հովհաննիսյան, Մերի Ավչյան   նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դդմով թխվածքաբլիթ
Next post Աշտարակյան պատկերներ, հանդիպումներ