Ծաղկազարդի (Ծառզարդարի), Զատիկի ծիսական տոնախմբություն, համայնքային ծես Աշտարակում

Ապրիլի 6, 2018թ.

Մասնակիցներ՝ Աշտարակ քաղաքի «Մանուշակ», «Հովիկ», «Արաքս Մուրադյան», «Հասմիկ» մանկապարտեզներ, Քոլեջի դիպլոմնիկներ, հյուրեր

 

Սկիզբ՝ 11.00. Աշտարակի Կոմիտասի անվան զբոսայգի

Ծրագրում.

 «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր»

Գովք ծառի. «Բերք տուր, թե չէ՝ կկտրեմ»:

«Խնկի ծառը ծաղկել է»

Ծաղկազարդի օրվա մանկանց  ծիսական երթ. Հյուրեր, տանտերեր

Ծիսական երգ «Կարկաչա»

Տնօրհնեք, ծառօրհնեք, չարխափան ծես

Խաղերգ «Գնացե՛ք, տեսե՛ք»

Ծիսական երգ «Զնկլիկ»

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը

Միասնական հոգևոր կատարում.

«Սուրբ Աստված սուրբ»

«Յալալի»  պարերգը

«Ջա~ն, գարուն է» երգը

Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը

Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Ամենաուժեղ թռչունները

Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:

Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:

Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:

Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:

Արագաշարժ թռչունները

Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:

Ճարպիկ թռչունները

«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

Արագակեր ձագուկը

Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:

Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:

Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

 Ծիսական տոնախմբությունը շարունակվում է միասնական պարերով, պարերգերով:

 

Ավարտ՝ 12.00

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դիպլոմային նախագծի շրջանակներում
Next post Առավոտյան ընդհանուր պարապմունք